Պարզամիտ ժողովուրդ ենք: Մոռացած Մոսկվայի՝ Ադրբեջանին մեկ միլիարդի հարձակողական զենք վաճառելու հարցը, Չարիքի կայսրության ու նրա քղանցքից ամուր բռնած մեր իշխանիկների մունջ պահվածքի հանդեպ ատելություն, զայրույթ բորբոքելու փոխարեն մոլդավուհու վրա ենք թափում մաղձը: «Իմ թշնամու բարեկամն իմ թշնամին է» կարգախոսով է նա առաջնորդվել, քանի որ Մերձդնեստրի խնդիր ունեն՝ երկրամաս, որը բանակի և ռուսախոս բնակչության օժանդակությամբ զավթած է պահում Ռուսաստանը, իսկ մենք, թիկունքից հազար անգամ դաշույնի հարված ստանալուց հետո անգամ, Հյուսիսի արջին «եղբայր» ենք համարում: Պատմությունից դաս չքաղեցինք, չենք քաղում և, վախենամ, երբևէ չքաղենք, որովհետև գեղամյաններ, թովմասյաններ, արամ սարգսյաններ ունեցել ենք, ունենք և կունենանք, հավելած՝ գլխավոր կատարածուն: